RUS
ARM
  • Տարածաշրջան
    • Բոլոր տարածաշրջանները
    • Հայաստան
    • Ադրբեջան
    • Վրաստան
    • Թուրքիա
    • Իրան
    • Ղարաբաղ
    • Աբխազիա
    • Օսիա
    • Աշխարհում
  • Նորություններ
    • Բոլոր բաժինները
    • Քաղաքականություն
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Պատահարներ
    • Մշակույթ
    • Մշակույթ
    • Վերլուծություններ Մեկնաբանություններ
    • Հարցազրույց
    • Մամուլում
    • Նախագահի ընտրություններ Հայաստանում
    • Բլոգերում
    • Օրվա մեկնաբանություն
  • Գործակալության մասին
Չախալյանի դատավարության ընթացքում անօրինականությունները շարունակվում են
Armenia Today [ 13.03.2009 | 19:15 ] Քաղաքականություն , Հայաստան , Վրաստան

2009թ. մարտի 11-12-ին կայացան ջավախքահայ քաղաքական ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի, ինչպես նաեւ` նրա հոր Ռուբեն Չախալյանի եւ կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով դատավարության հերթական նիստերը:

«Երկիր» միության դիտորդները արձանագրել են հետեւյալ փաստերը. 

Չախալյանների գործով դատական նախորդ նիստից, որը տեղի էր ունեցել հունվարի 29-ին, անցել է 41 օր: Դատարանը երկու անգամ` փետրվարի 11-ին եւ 26-ին նշանակել էր գործով դատալսումներ, սակայն դրանք չեն կայացել, քանի որ Վահագն Չախալյանին չէին տեղափոխում Թբիլիսիից Ախալցխա` վառելանյութ չլինելու պաշտոնական պատճառաբանությամբ:

Դատական նիստերը շարունակվում են կայանալ Չախալյանների ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանի բացակայության պայմաններում, որին Վրաստանի արդարադատության նախարարությունը փետրվարի 16-ին հրաժարվել է գրանցել եւ թույլ տալ պաշտպանելու Չախալյանների իրավունքները դատարանում: Նշված որոշումը Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին մարտի 6-ին Արդարադատության նախարար Զ. Ադեիշվիլիին ուղղված իր նամակում որակել է որպես «անհիմն» եւ առաջարկել է նրան վերականգնել Չախալյանների խախտված իրավունքները եւ արտոնել ֆրանսիացի փաստաբանի մասնակցությունը (Օմբուդսմենի նամակն ամբողջությամբ  ներկայացնում են կից հավելվածով):

Չախալյանների հայաստանցի փաստաբան` Ստեփան Ոսկանյանը ներկա դրությամբ ունի անորոշ կարգավիճակ: Մարտի 6-ին, երբ նա փորձել էր այցելել իր պաշտպանյալ Վահագն Չախալյանին, որը պահվում է Թբիլիսիի համար 5 քննչական մեկուսարանում, մեկուսարանի աշխատակիցները նրան հայտնել են, որ Չախալյանների գործում ընդգրկվելու Վրաստանի արդարադատության նախարարության որոշումն արդեն կորցրել է իր ուժը եւ փորձել են արգելել տեսակցել իր պաշտպանյալի հետ:

Մարտի 11-ի դատական նիստի սկզբում Ոսկանյանը բարձրացեց իր կարգավիճակի հարցը, սակայն դատավորը մերժեց որեւէ կերպ արձագանքել նշված խնդրին` հայտնելով, որ դատարանը ճանաչում է Ոսկանյանին որպես Չախալյանների փաստաբան, իսկ այլ ատյաններում նրա կարգավիճակի ճանաչել- չճանաչելը դատարանին վերաբերող խնդիր չէ:

Դատալսումների թարգմանությունը շարունակվում է տարվել անփույթ կերպով` բացթողումներով եւ ընդհատումներով: Չախալյանների եւ նրանց հայաստանցի փաստաբան` Ստեփան Ոսկանյանի այդ առնչությամբ բողոքները եւ միջնորդությունը` ընդհատել նիստը եւ ապահովել քիչ թե շատ պատշաճ թարգմանություն, դատարանը այս անգամ էլ թողեց առանց որեւէ  արձագանքի:

Մարտի 12-ի դատական նիստի սկզբում Չախալյանները հանդես եկան հայտարարությամբ, որն ընթերցեց Վահագն Չախալյանը: Հայտարարությունում թվարկվում էին իրենց նկատմամբ թույլ տված վերջին խախտումները` Պատրիկ Արապյանին չգրանցելը,  Ստեփան Ոսկանյանի անորոշ կարգավիճակը եւ այլն, եւ պահանջ էր դրվում` հետաձգել դատավրությունը` ժամանակ տալով իրենց հետապնդել վերոնշյալ խնդիրների լուծումը: Հայտարարությունում նշվում էր, որ հակառակ դեպքում դատավարության շարունակելը պարզապես անօրինական է, քանի որ նշված խնդիրներին լուծում չտալով Դատարանը խախտում է Չախալյանների սահմանադրական իրավունքները (Հայտարարության տեքստն ամբողջությամբ  զետեղում ենք կից): Դատարանը, սակայն, հրաժարվեց հաշվի առնել հայտարարության մեջ նշված պահանջը եւ շարունակեց դատավարությունը: 

Մարտի 11-ի եւ 12-ի դատական նիստերի ընթացքում լսվեցին 16 վկա` բացառապես ուժային կառույցների ներկայացուցիչներ: Քննվում էին Վրաստանի 2006թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների բողոքարկման նպատակով 2006թ. հոկտեմբերի 6-ին Ախալքալաքում տեղի ունեցած բողոքի ցույցի հանգամանքները, որի կազմակերպումը Վահագն Չախալյանին առաջադրված մեղադրանքներից մեկն է:  

Ներկայացած վկաների հարցաքննությունից հետո դատարանն ընդմիջեց դատավարությունը մինչեւ մարտի 25-ը:

Վերոնշյալ փաստերը հերթական անգամ վկայում են այն մասին, որ վրացական իշխանությունները, չկանգնելով որեւէ, անգամ ամենակոպիտ, օրինախախտման առջեւ, շարունակում իրականացնել ջավախքահայ քաղաքական գործչի նկատմամբ հաշվեհարդարը:

«Երկիր» միությունը դիմում է միջազգային կառույցներին եւ իրավապաշտպան կազմակերպություններին` կոչ անելով համապատասխան գնահատական տալ արձանագրվող աղաղակող անօրինականություններին  եւ ճնշում գործադրել վրացական իշխանությունների վրա` Վահագն Չախալյանի, նրա հոր եւ կրտսեր եղբոր նկատմամբ այս խայտառակ դատավարությունը դադարեցնելու եւ Վահագն Չախալյանին ազատ արձակելու նպատակով:

Կապված նյութեր Print Send
Այս թեմայով նյութ չկա

Loading ...

© 2007-2009 ԼԳ ARMENIAToday
Նյութը ամբողջական կամ մասնակի օգտագործելիս ARMENIA Today վրա հղումը (ինտերնետում ՝ ակտիվ հղումը) պարտադիր է, եթե անգամ մենք հղում ենք կատարում այլ աղբյուրների վրա:
ARMENIA Today տեսակետը կարող է չհամընկնել առանձին նյութերի հեղինակների կարծիքի հետ:
Գովազդների բովանդակության համարARMENIA Today պատասխանատվություն չի կրում:
Rambler's Top100